Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ լիովին նվիրվելու գործին․ PanARMENIAN.Net

Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ լիովին նվիրվելու գործին․ PanARMENIAN.Net

 Նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, որը Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:

«Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու ՀՀ նախագահի պարտականությունները:

Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Նա նշել է, որ ընտրվելուց առաջ ժամանակ է ունեցել ոչ միայն մտածելու, այլ նաև գործելու՝ հանդիպելու հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու և՛ ղեկավարությանը, և՛ առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների:

«Ավարտելով այդ հանդիպումները և այսօր ընտրվելով ՀՀ հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ և առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես ՀՀ երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ կատարել եք: Սա ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի և մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը և փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է Արմեն Սարգսյանը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ