Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել Մարզահամերգային համալիրում

Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել Մարզահամերգային համալիրում

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը: Հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

Ըստ որոշման նախագծի` Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը: Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս  նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և  նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

Մեկնաբանություններ