Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված որոշում դեռ չի եղել. Ի. Տոնոյան

Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված որոշում դեռ չի եղել. Ի. Տոնոյան

Տեղեկություններ կան, որ ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո Ծառուկյանը որոշել է սատարել ՀՀԿ նախագահի թեկնածուին։ Մեզ հետ զրույցում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ դեռ որոշում չի կայացվել։

- Տիկին Տոնոյան, ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո որոշում է կայացվել սատարել ՀՀԿ թեկնածուին։

- Նախագահի թեկնածուի եւ պարոն Ծառուկյանի հանդիպումից հետո պլանավորված է հանդիպում Ծառուկյան խմբակցության պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այսինքն՝ առանձին հանդիպում պետք է լինի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որի ժամանակ արդեն հանրագումարի պետք է բերվեն տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, եւ վերջնական որոշում կկայացվի, որը եւ պաշտոնապես կհրապարակվի։ Իսկ մինչեւ այդ մամուլում շրջանառության մեջ դրվող բոլոր տեսակի վարկածները, «տեղեկատվությունները» բացառապես ենթադրությունների դաշտից են եւ պաշտոնական որեւէ հենք չունեն։ Երբ որ կլինի մեր պաշտոնական դիրքորոշումը, մենք այն կհայտնենք։

- Այսինքն՝ որոշում չկա՞, թե՞ կա, ուղղակի այդ հանդիպումից հետո կհայտարարեք։

- Քննարկում չի եղել պարոն Ծառուկյանի գլխավորությամբ՝ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ։

- Այսինքն՝ որոշումը ընդհանուր քննարկման ընթացքո՞ւմ է լինելու։

- Այո, պետք է կայացվի համատեղ։

Մեկնաբանություններ