Արմեն Սարգսյանն աշխատավարձ չի ստացել. էթիկայի հանձնաժողովը՝ թեկնածուի ունեցվածքի մասին

Արմեն Սարգսյանն աշխատավարձ չի ստացել. էթիկայի հանձնաժողովը՝ թեկնածուի ունեցվածքի մասին

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանի բնակարաններից մեկը. գտնվում է մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Կասկադի հարեւանությամբ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից արված այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ունեցվածքի մասին հայտարարագրեր չի ներկայացնում: Կառույցը պարզաբանել է.

«Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումն ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձեւակերպումների առնչությամբ հայտնում ենք. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչեւ սույն թվականի մարտի 30-ը): Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաեւ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով): Դրա վերաբերյալ առկա է նաեւ պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ:

ՀԺ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչեւ 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:

Մեկնաբանություններ