Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ անդամների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ անդամների հետ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում փետրվարի 27-ին տեղի է ունեցել կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀԴԿ լրատվական ծառայությունից, Արմեն Սարգսյանի առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ և մտահոգություններ են ներկայացրել կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արևային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի վերաբերյալ: Հատուկ շեշտադրվել է երկրում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման անհրաժեշտությունը:

Նախագահի թեկնածուն մանրամասն անդրադարձել է բարձրացված հարցերին՝ դրանց լուծման գրավականը համարելով նաև երկխոսության անհրաժեշտությունը, հատկապես իշխանության և ժողովրդի միջև: Նաև արժեվորել է նախագահի ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության անհրաժեշտությունը։

Միաժամանակ, նախագահի թեկնածուին առաջարկվել է պարբերաբար հեռուստատեսային զրույցներ վարել հանրության հետ:

Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ պատրաստ է մշտական շփումների:

Հանդիպման ավարտին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին նվիրել է ՀԴԿ երջանկահիշատակ հիմնադիր, Հանրապետական խորհրդի անդամ, ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների քառահատոր ժողովածուն, նշելով, որ 2019թ. հունվարին լրանում է բանաստեղծուհու 100-ամյակը, և հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը գործուն մասնակցություն հանդես կբերի հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու համար:

Մեկնաբանություններ