Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը պարզ գոյատևման էթիկայի պակաս է. Արմեն Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը պարզ գոյատևման էթիկայի պակաս է. Արմեն Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, ցավոք սրտի, երևի միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է մեր պետության և ազգային իմիջին, ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխանեցի՝ ինձ համար որևէ բռնություն անընդունելի է: Ինձ համար անընդունելի է մանավանդ քաղաքացիական կամ քաղաքական շրջանակներում երկխոսության բացակայությունը, երբ որ երկխոսությունը փոխարինվում է ինչ-որ ուժային գործողություններով», - ասել է նա։

Ա.Սարգսյանի խոսքով, շատ ցավալի է, որ այդ ամբողջ երևույթի մեջ ներգրավված են տղամարդիկ և կանայք:

«Դա պարզ գոյատևման էթիկայի պակաս է: Հետևաբար ես որևէ ձևով չեմ կարող արդարացնեմ նմանատիպ երևույթները: Սրանք նույնպես ուժի կիրառման ձևեր են: Եվ կոչ եմ անում բոլորին՝ նորմալ, ցիվիլ, քաղաքացիական ձևով սկսել երկխոսությունը: Եվ կոչը բոլորին է ուղղված․ և՛ այն անհատներին, որոնք իշխանության մեջ են, և՛ նրանց, որ ընդդիմություն են: Կարծում եմ, նմանատիպ երևույթները մեր ազգին վայել չեն, մեր ազգի կերպարին վայել չեն: Մենք հսկայական մարդկային ժառանգություն ունենք մարդկային և պետք է դրանից օգտվենք», - նշել է նա։

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։

Մեկնաբանություններ