Հայաստանը ցանկանում է համագործակցություն ծավալել տարածաշրջանում կարևոր դեր ունեցող բոլոր ինտեգրացիոն միավորումների հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանը ցանկանում է համագործակցություն ծավալել տարածաշրջանում կարևոր դեր ունեցող բոլոր ինտեգրացիոն միավորումների հետ. Սերժ Սարգսյան

Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ և հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպման ժամանակ: 

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ս.Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում:

Նախագահ Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար: 

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Սերժ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին: 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության և խորհրդարանականների ցանկությունը ևս նույնն է՝ պահպանելու և զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց և բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին: 

 

Մեկնաբանություններ