Ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավելու և գիտական վաշտ ստեղծելու հեռանկար կա. Վ. Սարգսյան

Ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավելու և գիտական վաշտ ստեղծելու հեռանկար կա. Վ. Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը razm.info կայքին տված հարցազրույցում անդրադարձել է բանակում գիտական վաշտի ստեղծման հնարավորությանը։

«Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են ավանդույթների և ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձևավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված և գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձևավորման փուլում է, և ամեն ինչ անելու ենք, որ մինչև ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի»,–ասել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ առաջիկայում լրջագույն ուշադրություն է դարձվելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ «Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։

Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձևափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, և բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման և ներդրման փուլում են»,–ասել է նա։

Մեկնաբանություններ