Սերժ Սարգսյան․ Մեր բանակը եղել է, կա և լինելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական գործոնը․ Azatutyun.am

Սերժ Սարգսյան․ Մեր բանակը եղել է, կա և լինելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական գործոնը․ Azatutyun.am

«Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները»:

«Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի», - ընդգծել է նախագահը:

Նա հայտնել է, որ այդ փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշվել է «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: «Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը»

«Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող», - հայտարարել է նախագահը՝ հավելելով․ - «Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք»:

«Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»:

«Բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար»

«Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան»:

Նախագահը նշել է, որ արդիականացվում է նաև կառավարման համակարգը․ - «Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման»:

Կոռուպցիան «դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»

Նշելով, որ պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է, Սերժ Սարգսյանը շեշտել է․ - «Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները»:

«Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում՝ ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է», - ասել է նախագահը, ընդգծելով․ - «Մեր բանակի մարտունակության, մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»:

«Մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար»

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով․ - «Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:

«Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է», - նշել է նախագահը:

Ռազմարդյունաբերությունը, ըստ երկրի ղեկավարի, Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է․ - «Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ