Սերժ Սարգսյանին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների մասին․ Slaq.am

Սերժ Սարգսյանին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների մասին․ Slaq.am

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը: 

Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:

Կրթության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով Նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը զեկուցել է այս ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երևանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա: «Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաև աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ: 

Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարի զեկուցմամբ՝ Հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին: 

Հաշվետու տարում, ըստ նախարարի, մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր: 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ