Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին․«Ժամանակ»

Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին․«Ժամանակ»

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք ձևավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

 

Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեև մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:

 

Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ձևաչափով բանակցության նշույլներ:

 

Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, և հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը:

 

Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության և ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երևանն ինչպե՞ս և ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:

 

Մյուս հանգամանքը, որը նաև ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:

 

Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռևս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, և Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաև շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էության էներգետիկ անկախություն Ռուսաստանից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ